![d0bcd0b0d0bbd0b5d0bdd18cd0bad0b8d0b9-d0bfd180d0b8d0bdd1861](https://hayrenagitakan.files.wordpress.com/2015/09/d0bcd0b0d0bbd0b5d0bdd18cd0bad0b8d0b9-d0bfd180d0b8d0bdd1861.jpg?w=199&h=210)
Երկիրը, որի վրա ապրում ենք մենք, Արեգակնային համակարգի 8 մոլորակներից մեկն է: Երկիրը՝ որպես մի հսկա տիեզերանավ, իր հավերժական թռիչքն է կատարում տիեզերքում:
Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը, այդ պատճառով էլ առաջանում են տարվա եղանակները: Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը, որի հետևանքով էլ առաջանում է գիշեր և ցերեկ հերթափոխը:
Երկրի վրա կա այն ամենը, ինչ անհրաժեշտ է մարդուն ապրելու և աշխատելու համար: Դրա շնորհիվ Արեգակնային համակարգի մոլորակներից (գուցե նաև ողջ տիեզերքում) կյանք գոյություն ունի միայն երկրագնդի վրա: Այստեղ ապրում են հազարավոր մեծ ու փոքր ժողովուրդներ, որոնք ստեղծել են իրենց լեզուն, մշակույթը, սովորույթները, տնտեսությունը: Այսօր աշխարհում հաշվվում է շուրջ 200 պետություն: Նրանք տարբերվում են իրենց մեծությամբ, զարգացման մակարդակով: Հարուստ երկրները կոչվում են զարգացած, իսկ համեմատաբար աղքատները՝ զարգացող երկրներ: Բոլոր երկրներն ու ժողովուրդները միասին կազմում են ժամանակակից աշխարհը, որը, միասնական լինելով հանդերձ, աչքի է ընկնում ներքին Մեծ տարբերություններով: Մեր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը, աշխարհի պետություններից մեկն է:
Ոչ մի ժողովուրդ և պետություն մեկուսացած ապրել չի կարող: Նրանք բազմաթիվ թելերով կապված են իրենց մոտ և հեռու հարևաններին: Այդ կապերի շնորհիվ էլ աշխարհը դարձել է մեկ ամբողջություն, մեր բոլորի անկյունն էլ Հայաստանն է, տան բազմաթիվ անդամներից մեկն էլ՝ հայերս:
Միշտ չէ, որ մեր ընդհանուր տունը խաղաղ ու հանգիստ է: Աշխարհի անդորրը երբեմն-երբեմն խախտվում է նրա տարբեր անկյուններում տեղի ունեցող պատերազմների պատճառով: Դրանց հետևանքով աշխարհում տարեկան հազարավոր մարդիկ են զոհվում, հարյուրավոր գյուղեր ու քաղաքներ են ավերվում: Մեր մոլորակին սպառնացող վտանգներից է նաև մարդու կողմից բնության աղտոտման չափերի մեծացումը: Սակայն մարդկանց զգալի մասը սկսել է գիտակցել, որ իրենք բնության մի մասն են, իսկ կործանելով բնությունը՝ մարդը կործանում է նաև իրեն: Ուստի բոլորս պետք է գիտակցենք, որ մեր ընդհանուր տունը՝ Երկիր մոլորակը, կարիք ունի պահպանության: Եվ մեզանից յուրաքանչյուրը պետք է հոգատարությամբ և գիտակցորեն օգտագործի մեր մոլորակի բնության բարիքները:
Առաջադրանք — Պատմեք /տեսանյութի կամ պատումի ձևով/, թե ինչպես եք տեսակավորում աղբը, ձեր տանը /կենցաղում/:,
Դիտեք տեսանյութը